Կայացել է «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» դրամաշնորհային ծրագրի ներկայացման և վավերացման ազգային աշխատաժողովը
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը ներգրավել է բրիտանական «E Co. Ltd» և հայկական ADWISE Consulting ընկերություններին՝ մշակելու Կանաչ կլիմայի հիմնադրամի Պարզեցված հաստատման գործընթացի ֆինանսավորման առաջարկ՝ «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» թեմայով ծրագրի համար։
Այսօր կայացել է Ծրագրի ներկայացման և վավերացման ազգային աշխատաժողովը, որին մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, նախարարության ենթակա կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ միջազգային և հասարակական կազմակերպություններից։
Միջոցառմանը մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։
Աշխատաժողովի նպատակն էր Ծրագրի բովանդակությունը Հայաստանում անտառային ոլորտի շահագրգիռ կողմերի իրական կարիքներին համապատասխանեցնելու նպատակով ծրագրային արդյունքների, միջոցառումների և դրանց արդյունավետության վերաբերյալ կարծիքների հավաքագրումը:
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը կարևորել է միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը՝ որպես անտառային ենթակառուցվածքների զարգացման և բնապահպանական խնդիրների արդյունավետ լուծման առանցք։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն ընդգծել է Ծրագրի իրականացման կարևորությունը թե՛ մեր երկրում անտառապատ տարածքների ավելացման, թե՛ այդ նպատակին ծառայող համագործակցությունների արդյունավետության տեսանկյունից։
Սևակ Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել Ծրագրի ձևավորմանը ներգրավված բոլոր փորձագետներին, պետական, մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Հայաստանի կանաչ վերականգնմանը միտված կարևոր նախաձեռնությանն աջակցելու համար:








