🛑 «Փաստ». Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում: Նախագծով նախատեսվում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության պատշաճ հսկողությունն ապահովելու նպատակով ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն։ Նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների պահպանություն իրականացնող աշխատակիցների հաստիքների միասնական կառավարում իրականացնել ընդհանուր ծառայության միջոցով՝ 24/7 ժամ աշխատաժամանակի տևողությամբ, որը կապահովի տարածքների անընդմեջ հսկողությունը և կնպաստի խախտման դեպքերի ժամանակին հայտնաբերմանն ու կանխարգելմանը։
Նախագծի ընդունմամբ բնության հատուկ պահպանվող տարածքներում գործող 6 ՊՈԱԿների պահպանություն իրականացնող աշխատողներին կփոխարինեն շրջակա միջավայրի պահպանության ծառայության աշխատողները։ «Շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում ծառայողներին 16 տոկոս պարգևատրման ֆոնդ նախատեսելու պարագայում ծառայությանն անհրաժեշտ կլինի 5 մլրդ 298 մլն դրամ գումար, իսկ ծառայողին տեխնիկական վերազինմամբ ապահովելու համար՝ 4 մլրդ 580 մլն դրամ գումար, որից 2 մլրդ 570 մլն դրամ գումարը ծառայությունը նախատեսում է ձեռք բերել միջազգային ծրագրերի միջոցով:
ՀՀ պետական բյուջեով նախկինում հատկացված 1 մլրդ 403 մլն դրամը ծառայության ստեղծմամբ պետական բյուջեով չի նախատեսվի: Բնության հատուկ պահպանվող տարածքների տեսուչները բացի ՀՀ պետական բյուջեից ստանում են նաև ֆինանսավորում՝ ձեռնարկատիրական եկամուտներից լրավճար և Կովկասի բնության հիմնադրամի դրամաշնորհից պարգևավճար՝ 244 մլն 620 հազար դրամ»:
🛑 Անտառների վերականգնումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական ապագայի համար
Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Այն մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկա կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով։
🛑 Կանխատեսվում է մինչև 42 աստիճան տաքություն․ հրդեհային անվտանգության խնդիրները
🛑 Մշակվել են անտառկառավարման 10-ամյա պլաններ
🛑 Անտառների սրսկում՝ առաջին անգամ կենսաբանական դեղանյութով
🛑 Հայաստանում անտառածածկ տարածքներն ավելանում են
Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022-ի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է:
🛑 Անտառների նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի
Անտառների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու նպատակով կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն: Շրջակա միջավայրի նախարարության հեղինակած օրենքի նախագծով՝ նոր ծառայության 1217 աշխատակիցները կիրականացնեն Հայանտառի այսօրվա 506 անտառապահի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող 345 տեսուչների գործառույթը:
🛑 Թափուկ վառելափայտ հավաքելու հստակ ժամանակացույց է սահմանվել
Անտառամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներն այսուհետև չեն կարող տարվա բոլոր ամիսներին թափուկ վառելափայտ հավաքել: Խոսքը ոչ արտադրական նպատակով օգտագործվող ծառերի մասին է: Անտառային կոմիտեի որոշմամբ՝ հստակ ժամանակացույց է սահմանվել, թույլատրվել մարտ-ապրիլին և սեպտեմբեր-հոկտեմբերին: Պատասխանատու գերատեսչության ղեկավարը վստահեցնում է՝ այս փոփոխությամբ կկարողանան կանխել նաև ապօրինի ծառահատումները:
Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ) — Նախկինում անկանոն է եղել, այդ իսկ պատճառով մեծ ռիսկեր են առաջացել, ապօրինի հատումներին են նպաստել : Չի կարող տարին 12 ամիս ամբողջ բնակչությունը լինի անտառներում, և դա վերահսկելն ուղղակի անհնար կլինի: Թափուկ վառելափայտի տրամադրումը տարեցտարի աճում է: 2021-ին ծրագրից օգտվել է 13 400 շահառու, տրամադրվել 74 400 խորանարդ մետր: 2022-ին շահառուների թիվը կազմել է 14 400, և տրամադրվել է շուրջ 80 000 խ. մ թափուկ վառելափայտ: Յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն ունի սեփական միջոցներով տարեկան հավաքել մինչև 8 խ. մ: Անտառային կոմիտեի նախագահը նկատում է՝ բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիները թափուկ վառելափայտ հավաքելու փոխարեն խոշոր ծառեր են կտրել, մեքենայի միջոցով ճոպանով ծառերը պոկել՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե տեղի ունեցածը քամու հետևանք է:
Վլադիմիր Կիրակոսյան — Մենք բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել. հենց այդ բնակիչների կողմից իրականացվել են հետևյալ խախտումները, այդ իսկ պատճառով պատշաճ վերահսկողության և աշխատանքի արդյունավետության բարձրացման պատճառով մենք սահմանել ենք հստակ ժամանակացույց: Գերատեսչությունում նշում են՝ թե՛ ոստիկանության, թե՛ անտառտնտեսության աշխատակիցներն այդ ամիսներին ուժեղացված վերահսկողություն են իրականացնելու: Կիրակոսյանը վստահեցնում է՝ որևէ ապօրինի ծառահատում անհետևանք չի մնալու: Ընդ որում՝ այդ քաղաքացիները կարող են ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվության ենթարկվել:
Վլադիմիր Կիրակոսյան — Նախ երկու փուլ պետք է անցնի սա. թափուկի տրամադրման կտրոնը՝ որտեղից է ձեռք բերել, եթե դա ձեռք է բերել մեր անտառտնտեսության աշխատակիցների կողմից, այն ժամանակահատվածում, երբ արգելվում է թափուկի տրամադրումը, ապա այդ ժամանակ մեր աշխատակիցների վրա պետք է ուշադրություն սևեռվի: Քիչ չեն դեպքերը, երբ պարզվել է, որ ապօրինի անտառահատումների հեղինակները հենց անտառտնտեսության աշխատակիցները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք են եղել: Անտառային կոմիտեի նախագահը վստահեցնում է՝ իրենց համար կապ չունի, թե ով կամ ովքեր են անտառագողները. բնությանը վնաս տվողները պատասխանատվության կենթարկվեն:
🛑 Ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում. խստացված վերահսկողությունը շարունակվելու է․Armenpress.amՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները մեծացել են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն, ում պաշտոնավարման 100 օրն է լրանում ապրիլի 15-ին, նշեց, որ պետական բյուջեով, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, Անտառային կոմիտեի, «Հայանտառ»-ի սեփական միջոցների հաշվին 2019-2021 թվականներին իրականացվել է շուրջ 5 հազար հա անտառապատման աշխատանք:
«Ծառեր տնկելը, բնականաբար, դեռ չի համարվում, որ անտառային տարածք է: Մոտ 5 տարի դեռ խնամքի, պաշտպանության, լրացման անհրաժեշտություն կա: Մոտ 7-10 տարի անց նոր կարող ենք համարել, որ դրանք անցել են անտառային շարքեր»,-ասաց Վլադիմիր Կիրակոսյանը:
Անտառապատման աշխատանքներում հիմնականում նախընտրելի է կաղնի, սոճի, ուղեկցող ծառատեսակներ՝ հացենի թխկի, կեչի և այլն: Շուրջ 5 հազար հա անտառապատման աշխատանքներում ընդգրկվել են Լոռու, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի մարզերը: Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանի խոսքով՝ դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը, սակայն արդեն դրական տեղաշարժ կա:
«Եթե տեսնում ենք, որ կպչողականության խնդիր կա, ապա կատարվում են լրացման աշխատանքներ: Դրանից բացի, կատարվում է բնական վերաճի օժանդակում՝ հողի հանքայնացման տեսքով: Այդ հարթակներում բնական վերաճն արդեն երևում է: Կոճղաշիվային օժանդակման աշխատանքներ ևս կատարվել են: Պետք է նշել, որ Հայաստանի անտառածածկ տարածքների որոշ հատվածներում առկա է դեգրադացում: Դրանք կորցրել են իրենց բնապահպանական ֆունկցիաները: Դեգրադացման հիմնական պատճառը 90-ական թվականների չհամակարգված հատումներն են: Այսօր մենք տեսնում ենք, որ որոշ հատվածներում, օրինակ՝ Վանաձորի շրջակայքում, երբ 90-ականներին անտառներն ամբողջությամբ հատվել էին, բավական վերականգնվել է: Այժմ ինքնավերականգնողական ռեակցիաներ են ընթանում»,-ասաց Արուսյակ Սիրադեղյանը:
Վլադիմիր Կիրակոսյանը հավելեց, որ Հայաստանի անտառներն անհավասար բաշխվածություն ունեն, 62 տոկոսը Տավուշի, Լոռու մարզերում են, 30 տոկոսը՝ Սյունիքում, 2 տոկոսն է, որ երկրի կենտրոնական հատվածում է: Քաղաքականությունն այնպիսին է, որ հնարավորության դեպքում բոլոր մարզերում հիմնադրվեն անտառներ:
Անտառավերականգնման զգալի աշխատանքներ են նախատեսված նաև այս տարի: 2022 թվականի համար պետական բյուջեից արդեն 413 մլն դրամ հատկացվել է անտառավերականգնման ու անտառապատման աշխատանքներին: Պետական բյուջեի միջոցներով այս տարի նախատեսվում է շուրջ 130 հա անտառապատման աշխատանք, 77 հա կոճղաշիվային վերաճի օժանդակում: Դրանից բացի, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այս տարի սկսվել է անտառապատման մեծ ծրագիր: Այն 8 ամյա ծրագրի է, որի շրջանակում 5700 հա անտառապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս տարի անտառապատման աշխատանքներ իրականացվելու են շուրջ 1300 հա տարածքում: Կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականն ավելացել 50 հազար հա անտառածածկ տարածք:
Անտառվերականգնման աշխատանքներին զուգահեռ Անտառային կոմիտեի ուշադրության կենտրոնում են մարդկային գործոնով պայմանավորված խնդրահարույց հարցերը, մասնավորապես, ապօրինի ծառահատումները: Վլադիմիր Կիրակոսյանը նշեց, որ 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 2021 թվականի ապրիլի 1-ի համեմատ ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում: Մասնավորապես, եթե 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ապօրինի հատվել էր 1183 ծառ, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 772 ծառ:
Հիմնական ապօրինի հատումները բիզնես նպատակով են: Նվազումը Վլադիմիր Կիրակոսյանը պայմանավորում է ինչպես վերահսկողության ուժեղացմամբ, այնպես էլ տեղի բնակիչների հետ աշխատանքով: Նվազման ցուցանիշը չի բավարարում պատասխանատու կառույցներին, առաջիկայում շարունակելու են ուժեղացված վերահսկողությունը:
Վլադիմիր Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են նախատեսում անտառապահպանության գործընթացում: Հիմքում դնելու են տեխնոլոգիական նոր լուծումները, նորագույն սարքավորումները:
