«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակման ենթակա տեղեկատվություն․
«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգում ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման պատասխանատուն է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Ղարիբյանը։
Հեռ.՝ +374 10-65-07-24, էլ փոստ՝ arm4.200aa@gmail.com
Ի՞նչ է ազդարարումը Ազդարարում՝ ազդարարի կողմից պետական մարմիններում, կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդում օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին.
Ո՞վ է համարվում ազդարար Ազդարար՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի կամ մարմնի հետ, որի հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով, կամ որը սխալմամբ ընկալվել է որպես ազդարար:
Անձը համարվում է սխալմամբ ընկալվող ազդարար, եթե նա չազդարարելով ընկալվել է որպես ազդարար այլ անձանց կողմից, կամ որի հանդեպ կիրառվել են վնասակար գործողություններ.
Որո՞նք են ազդարարման նպատակները
1) բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները.
2) նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան.
3) նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
Ի՞նչ է ներքին ազդարարումը
Ներքին ազդարարում է համարվում հաղորդումը ներկայացնելն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին:
Օրինակ, երբ աշխատակիցը իր վերադասին կամ տնօրենի կողմից լիազորված անձին հաղորդում է ներկայացնում Կազմակերպության համակարգում տեղի ունեցած որևէ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների խախտման կամ անհամատեղելիության կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ։
Ի՞նչ է արտաքին ազդարարումը
Արտաքին ազդարարում է համարվում իրավասու մարմին հաղորդում ներկայացնելը: Օրինակ, երբ քաղաքացին հաղորդում է ներկայացնում Կազմակերպության համակարգում տեղի ունեցած որևէ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ։
Ի՞նչ է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը
1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին:
2. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի (ՀՀ արդարադատության նախարարության), երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:
Ազդարարման գործընթացը կարգավորող օրենսդրությունը
1. «Ազդարարման համակարգի մասին» օրենք
2. Կառավարության 15 մարտի 2018 թվականի «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» 272-Ն որոշում։