Այսօր շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում-քննարկում ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև տնօրենի տեղակալներ Վահրամ Սեդրակյանը, Սիմոն Պետրոսյանը, խորհրդական Վիգեն Չիլինգարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
Սևակ Մարկոսյանը ներկայացրել է հանդիպման շարժառիթները՝ մասնաճյուղերի 2024 թվականի ամփոփից մինչև 2025-ի պլանավորում, անտառկառավարմանն առնչվող հարցերի համատեղ քննարկումից մինչև դրանց լուծումների առաջարկներ։
ՊՈԱԿ-ի տնօրենն անդրադարձել է ՊՈԱԿ-ի ընթացիկ և մեկնարկող համագործակցություններին, ընդգծել «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի էական դերը ոչ միայն այդ համագործակցությունների շրջանակում, այլ նաև անտառների կառավարման քայլերի արդյունավետության տեսանկյունից։
Հանդիպմանը ներկայացված առանցքային հարցերից են եղել․
2025 թվականի ընթացքում անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների պլանավորումն ու իրականացումը,
2025-ի պլանային, թերհատ հատատեղերի շահագործման, փայտանյութի իրացման, թափուկի տրամադրման գործընթացները, դրանցում առաջացող խնդիրները,
անտառպաթոլոգիական ուսումնասիրությունների շրջանակում կատարվող աշխատանքները,
կողմնակի անտառօգտագործմանն ու մասնաճյուղերի զարգացմանն ուղղվող քայլերը։
Օրակարգային հարցերի շրջանակում մասնաճյուղերի ղեկավարներին առաջարկվել է դիտարկել թափուկի տրամադրման փաստաթղթավորման թվայնացման, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մասնաճյուղերի ենթակառուցվածքները լավարկելու հնարավորությունները, ընդգծվել, որ դրանց լուծումները հնարավոր կլինեն ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների հետ կառուցողական համագործակցության արդյունքում։
Մասնաճյուղերի ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են մասնաճյուղերում գույքագրվող խնդիրները, քննարկել իրենց տեսակետներն ու հիմնավորումներն այդ խնդիրների լուծման ուղղությամբ։
Այլ հանձնարարականների թվում, հանդիպման ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենը հրահանգել է տեղերում ևս խիստ հետևողականություն ցուցաբերել հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ, կարգազանցներին ենթարկել պատասխանատվության՝ անտառկառավարման աշխատանքներում խոընդոտները նվազագույնի հասցնելու նպատակով։













