«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի հայաստանյան ներկայացուցիչներին` ծրագրի համակարգող Ներսես Կյուրինյանի գլխավորությամբ։
Հանդիպումը նպատակ ուներ հստակեցնել ՄԱԿ-ի ՊԳԿ-ի (FAO) և ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի՝ 2025-ին նախատեսվող միջոցառումները։
Երկկողմ քննարկվել են համատեղ իրականացվելիք աշխատանքները՝ պլանավորումից մինչև գործողություններ։ Պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքներ կտարվեն անտառվերականգնման բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնկարաններում ցանքս և խնամք, տնկում, վերականգնման և կոճղաշիվային վերաճի օժանդակում։
«2025-ի մեկնարկն անհրաժեշտ է օր առաջ տալ՝ ճշգրիտ պլանավորման, աշխատանքային ռեսուրսների համակողմանի բաշխման արդյունքում բարձր ցուցանիշներ արձանագրելու նպատակով», — նշել է Սևակ Մարկոսյանը և ներկաներին մաղթել ակտիվ աշխատանքային ու համագործակցային տարի։
Հիշեցնենք, որ ութնամյա ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին, ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում անտառային ծածկույթի 2,5 տոկոսով ավելացմանը։ Ծրագրի շնորհիվ նախատեսվում է անտառմշակույթների հիմնում բացառապես փակ արմատային համակարգի տնկանյութով։

