Քննարկվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համագործակցության ընթացիկ վիճակը

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ- տնօրեն Սևակ Մարկոսյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության  ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացման ներկա վիճակը։

Ողջունելով հյուրերին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը արժևորել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ի հետ համագործակցությամբ իրականացվող հայաստանյան ծրագիրը, ներկայացրել 2022-ից մեկնարկած ութամյա ծրագրի ընթացքն ըստ առանձին ուղղությունների, մատնանշել առաջընթացը, խնդիրները, դրանց պատճառները, լուծմանն ուղղվող միջոցառումները, կարիքները։

Հանդիպումն ուղեկցվել է ՊՈԱԿ-ի գործունեությանն առնչվող հարցուպատասխանով՝ «Հայանտառ»-ի կազմակերպական-իրավական կարգավիճակի, գործունեության ուղղությունների, կադրային պատրաստվածության և այլ թեմաներով՝ նպատակ ունենալով բարելավել ծրագրի իրականացման պայմանները։