«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, տնօրենի տեղակալ Գարեգին Միրզոյանը, տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանն աշխատանքային այցերով եղել են Ստեփանավանի, Թումանյանի, Վանաձորի, Իջևանի, Սևքարի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
Ստեփանավանի, Թումանյանի, Վանաձորի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում շրջայցերի ընթացքում աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են նոր ջերմատներ հիմնելու հնարավորությունները, ջերմատների հիմնման համար նպատակարմար տեղանքը, կոմունալ (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) ենթակառուցվածքներին հասանելիությունը, քննարկվել աշխատանքների կազմակերպման արդյունավետությունն ապահովող ուղիներ։
Նախնական դիտարկումներով՝ ջերմատների կառուցումը նախատեսվում է 2025-ին։ Ջերմատներում աճեցվելու են հիմնականում փակ արմատային համակարգով սերմնաբուսակներ, որոնք կօգտագործվեն անտառապատման հետագա աշխատանքներում
Իջևանի, Սևքարի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում անտառտնտեսությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկումներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը հատկանշել է վերջին տարիներին ՊՈԱԿ-ի առաջընթացը մասնավորապես ձեռնարկատիրական գործունեության արդյունքում՝ այս համատեքստում կարևորելով ՊՈԱԿ-ի՝ փայտանյութն արտադրանքի վերածելու նախաձեռնությունը։
Աշխատանքային խմբի անդամները մասնաճյուղերի ղեկավարների և համապատասխան ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել են բնափայտն ու երկրորդական անտառանյութը ՊՈԱԿ-ի կողմից արտադրական նպատակով օգտագործելու նպատակահարմարությունը, գնահատել արտադրամասեր հիմնելուն առնչվող տարածքային, տեխնիկական, մարդկային ռեսուրսների ներգրավման հետ կապված խնդիրներն ու հնարավորությունները։
Աշխատանքային խումբը փաստել է՝ անտառանյութը վերամշակող արտադրության գործընթացի պատշաճ կազմակերպումը հիմք կհանդիսանա պետական նոր արտադրանքի հիմնման։
Հիշեցնենք, որ 2024-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դեռևս Արագածոտնի, Վայոց ձորի, Արծվաբերդի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում նախաձեռնել է մեղրի արտադրություն՝ հիմք դնելով Հայաստանում սննդամթերքի պետական արտադրանքի:

