«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը մասնակցել է «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը մասնակցել է Հայաստանի անտառային դաշինքի նախաձեռնությամբ կազմակերպված «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։

Քննարկմանը ներկա էին վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ներկայացուցիչներ նախարարությունից, ուսումնական հաստատություններից, ոլորտի գիտական և հասարակական կազմակերպություններից, լրագրողներ։

Ընդլայնված քննարկման ընթացքում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ առանձնացրել է ոլորտի խնդիրները, գնահատել դրանք, ներկայացրել դրանց ընթացիկ իրավիճակը, անդրադարձել իրականացվող միջոցառումներին։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում անտառային լանդշաֆտի վերականգնման ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կողմերի ներկայիս ջանքերին, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրերին և առկա կարողություններին՝ թե ֆինանսական, և թե՛ մարդուժի տեսանկյունից։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը ներկայացրել է ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը, ասվածը մասնավորեցրել վերջին երեք տարիներին անտառտնկման տվյալների վիճակագրությամբ: «2024-ին ունենք շուրջ 265 հա տարածքի անտառպատման ծրագիր: Տարվա անտառպատումն ապահովող միջոցները տարբեր աղբյուրներից են’ պետական բյուջեի, վնասի փոխհատուցման, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում ԲԾԻԳ-ի հետ կնքած պայմանագրերով նախատեսված միջոցներով:»,-նշել է «Հայանտառ»-ի տնօրենը՝ անդրադարձ կատարելով նաև 2025-ին պլանավորած անտառպատման ծավալային հաշվարկներին: Գործող 3000 քմ մակերեսով ջերմոցային տնտեսության սահմաններն, ըստ Մարկոսյանի, 2025-ին միջազգային գործընկերության շրջանակում զգալիորեն կընդլայնվեն՝ նպատակ ունենալով ամբողջովին անցնել փակ արմատային համակարգով անտառտնկման:

Շրջակա միջավայրի նախարարության և գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացվել է վերջինների գործունեությունը, Հայաստանում անտառային տարածքների պահպանմանն ուղղվող քայլերը։

Միջոցառման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ հանդիպումը որոշիչ դեր կունենա հետագա համագործակցության և աշխատանքների արդյունավետության բարձրացման տեսանկյունից։