ՎԼԱԴԻՄԻՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ


ՎԼԱԴԻՄԻՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

11.11.2022

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Նորբերդ Ուինքլերի ղեկավարած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին «Հայաստանում անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը և ՊԳԿ ազգային փորձագետ, ծրագրի խորհրդատու Ռուբեն Պետրոսյանը։ Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նաև Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, տնօրենի խորհրդական Արմեն Դանիելյանը և Անտառային կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետ Մարիամ Մովսեսյանը։ Ողջունելով ներկաներին՝  Վլադիմիր Կիրակոսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՊԳԿ ներկայացուցիչներին հանդիպման նախաձեռնության համար, ապա նշել, որ երկու կառույցների միջև առկա փոխգործակցությունն առարկայական և տեսանելի է նաև ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների համատեքստում։ Նորբերդ Ուինքլերը ներկայացրել է ծրագրի շրջանակներում իր և իրենց կազմակերպության համապատասխան փորձագետների՝ Լոռու, Սյունիքի և Կոտայքի մարզեր կատարած այցելության վերաբերյալ տվյալներ։ Նշված մարզերում, ի թիվս այլ աշխատանքների, ընթանում են նաև ջերմատների  հիմնման աշխատանքներ։ ՊԳԿ տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Նորբերդ Ուինքլերն այնուհետև ընդգծել է, որ  արդյունավետ է համարում նաև ծրագրի շրջանակներում անտառային ոլորտի  միջզգային փորձագետների՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ անցկացվող մասնագիտական դասընթացները, որոնց շրջանակներում անդրադարձ է կատարվում սերմերի հավաքման, մշակման, պահման, ցանքսի, փակ արմատային համակարգով սերմնաբուսակների, տնկիների աճեցման և դրանց՝ տնկման համար նախատեսված վայրերի տեղափոխմանը վերաբերող և այլ մասնագիտական հարցերի։ Հանդիպման ավարտին Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է, որ Անտառային կոմիտեն և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը շահագրգռված են բնապահպանական ծրագրերի տրամաբանական և արդյունավետ շարունակությամբ, քանի որ դրանց իրականացման արդյունքում ոլորտում բազմաթիվ խնդիրներ լուծումներ կստանան՝ ի նպաստ անտառային ոլորտի կայուն և դինամիկ զարգացման։