2025-ի Երկրի օրը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ապագա մասնագետներն իմաստավորել են Հայաստանի անտառներին նվիրված էկոկրթական միջոցառումով։
Ողջունելով մասնակիցներին՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ առանձնացնելով անտառների դերը երկիրը պահպանելու գործում, նշել, որ անտառների հանդեպ վերաբերմունքն օրախնդիր է թե՜ կանաչ տարածքների ավելացման, թե՜ անտառների կարևորությունը մշտապես բարձրաձայնելու առումով։
Միջոցառման բանախոս, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն, օրվա համատեքստում անդրադառնալով անտառների դերին և նշանակությանը, ապագա մասնագետ-բնապահպաններին ներկայացրել է ՊՈԱԿ-ը՝ որպես պետական անտառային ֆոնդերը կառավարող միակ կառույց։
Սևակ Մարկոսյանը ներկայացրել է ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթները, վերջինիս կողմից կառավարվող տարածքները, անտառապատման գործընթացը, անտառները ձևավորող ծառատեսակները, խոսել համագործակցություններից, ֆինանսավորումից, կողմնակի անտառօգտագործումից, թափուկ վառելափայտի տրամադրումից, ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող և պլանավորված միջոցառումներից, խնդիրներից։
Սևակ Մարկոսյանն անդրադարձել է նաև մասնակիցների կողմից բարձրացված հարցերի լայն շրջանակի, մասնավորապես՝ Հայաստանի անտառային ֆոնդերում «Հայանտառ»-ի մասնաբաժնին, ծառատունկերի կազմակերպման հնարավորություններին, անտառ տնկելիս ծառատեսակների ընտրությանը, տեղական, միջազգային համագործակցություններին։
Որպես կողմնակի անտառօգտագործման արգասիք՝ ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրել է նաև Հայաստանի անտառներում ստեղծված անարատ մեղրը, որն արդեն իսկ վաճառվում է մայրաքաղաքի խոշոր առևտրային կենտրոններում։
Օգտվելով հանդիպման հնարավորությունից՝ Սևակ Մարկոսյանը ներկաներին առաջարկել է միանալ «Հայանտառ»-ի՝ մայիսի 3-ին պլանավորված խոշոր միջոցառմանը՝ Երևան-Սևան-Երևան մայրուղուն հարակից անտառածածկ տարածքներում աղբահավաքին։
Օրվա միջոցառումը համատեղվել է սերմնացանով․ Հայաստանի անտառները կազմող ծառատեսակների՝ սոճու, հացենու, թխկիի սերմերով մասնակիցներն անվանական ցանքս են կատարել՝ ԵՊՀ ջերմոցում հետագա խնամքի, այնուհետև՝ ծառատնկման պարտադիր պայմաններով։
Միջոցառման երրորդ հատվածը ԵՊՀ տարածքում համատեղ խորհրդանշանական ծառատունկն էր՝ ի նշան երկրի պահպանության։ Ապագա բնապահպան ուսանողների խոստմամբ՝ «Հայանտառ»-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում աճեցված եղևնիները մայր ԲՈՒՀ-ի տարածքում խնամքի պակաս չեն ունենա։
Կենսաբանության ֆակուլտետի ակտիվը «Հայանտառ»-ի տնօրենի կողմից խրախուսվել է շնորհակալագրով, առավել ակտիվները՝ «Հայանտառ»-ի ջերմատներում աճեցված տնկիներով։
Միջոցառումը կազմակերպվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ։












