«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը եռօրյա աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գտնվող «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի ղեկավարած աշխատանքային խումբն ապրիլի 16-18-ը աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի, Սիսիանի, Սյունիքի, Կապանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։ Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են տնօրենի տեղակալ Գարեգին Միրզոյանը և ստորաբաժանումների ղեկավարներ։

✅ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարի մասնակցությամբ քննարկվել է մասնաճյուղի աշխատանքների 2025-ի պլանավորումը, դիտարկվել՝ անցնող տարում վարչական շենքի նախագծման, կառուցման հնարավորությունները։

✅ «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարի կողմից ՊՈԱԿ-ի տնօրենին է ներկայացվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում իրականացվող կոճղաշիվային վերաճի օժանդակման, անտառապատման, անտառվերականգնման աշխատանքների ընթացքը։

✅ «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղ այցի ընթացքում Սևակ Մարկոսյանը մասնաճյուղի ղեկավարի հետ քննարկել է ՄԱԿ ՊԳԿ գործող ծրագրի շրջանակում իրականացվող ջերմոցային աշխատանքների կատարման ընթացքը՝ արձանագրելով աշխատանքների ինտենսիվ ընթացք. 2025-ին արդեն իսկ կատարվել է 75000 սերմնաբուսակի ցանքս։

✅ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ՊՈԱԿ-ի տնօրենն աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի նոր ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Անդրադարձ է եղել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հետ կնքած պայմանագրի շրջանակում իրականացվող անտառապատման աշխատանքներին. պայմանագրով ստանձնած պարտավորությունների առաջին փուլը՝ տնկման աշխատանքն, ավարտին է հասցվել։

«Անտառտնտեսություն» մասնաճյուղերում այցերի ընթացքում մասնաճյուղերի ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ քննարկվել է կազմակերպական աշխատանքների լայն շրջանակ։
Գույքագրվել են առկա խնդիրները, աշխատանքների պատշաճ կատարման նպատակով ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։