Պետական անտառների պահպանությունն իրականացնող Էկոպարեկային ծառայության վերաբերյալ իրազեկման միջոցառում է կազմակերպվել Ազգային ժողովի, Կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը իր ելույթում ներկայացրել է Էկոպարեկային ծառայությունը՝ նախապատմությունից մինչ անելիք:
Նախարարն անդրադարձել է բնության պահպանության գործառույթի իրականացմանը տարբեր ժամանակներում և հիշեցրել, որ անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանությունն իրականացվել է տարբեր մարմինների կողմից և ոչ 24-ժամյա գրաֆիկով, ինչը շատ դեպքերում արդյունավետ չի եղել: Նշվածն էլ հիմք է հանդիսացել միավորելու այդ մարմինները և գործառույթները։ Նախարարը հույս է հայտնել, որ ծառայության շնորհիվ կկրճատվի ապօրինությունների շղթան, որն ունենք մեր անտառների, կենդանական և բուսական աշխարհի հանդեպ։
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրել են ծառայության կառուցվածքը, գործառույթները, հաստիքների համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։
Միջոցառումն ուղեկցվել է ծառայության վերաբերյալ հարցուպատասխանով:
Հիշեցնենք, որ էկոպարեկային ծառայության գործարկմամբ կարգավորվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացման օրենսդրությամբ սահմանված գործառույթը։
Պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը կիրականացվի 24/7 ռեժիմով, ինչպես նաև ծառայողին իրավունք կվերապահվի արձանագրված օրենսդրության խախտումների դեպքերով կազմելու վարչական իրավախախտման արձանագրություններ և հարուցելու վարչական վարույթ, իսկ հանցակազմ պարունակող իրավախախտման դեպքերով էկոպարեկային ծառայության օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդություն ներկայացնել՝ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։