Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը
Մարտի 7-ին Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 2024 թ. առաջին նիստը։
Նիստին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը և «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ի թիվս մի շարք հարցերի, քննարկվել են Շրջակա միջավայրի նախարարության նորաստեղծ էկոպարեկային ծառայության հետ անտառային տարածքներում աշխատանքների կազմակերպման ընթացիկ հարցեր, որոնց արդյունավետ կազմակերպման նպատակով առաջիկայում երկու գերատեսչությունների միջև կստորագրվի համատեղ աշխատանքային փաստաթուղթ, որը հնարավություն կտա անտառային տարածքներում և հողերում, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող կանխարգելիչ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և հրդեհների բռնկման վտանգը հասցնել նվազագույնի։