Էկոեպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը 2024 թվականի փետրվարի 27-ին ընդունել է շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի հետ համատեղ անցկացվող «Հայաստանում hողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի փորձագետ, «Raffaela» հիմնադրամի հիմնադիր-նախագահ տիկին Դեվրա Ջարվիզին։
Ծառայության պետ Կիրակոսյանը, ողջունելով միջազգային փորձագետին, կարևորել է ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր բաղադրիչի իրագործումը խթան կհանդիսանա Հայաստանի անտառածածկ տարածքների ընդլայնման, անտառային տնտեսության և նրա կարողությունների զարգացման, քաղաքային և մերձքաղաքային ագրոկենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության մեղմման և առհասարակ շրջակա միջավայրն ավելի լավը դարձնելու համար։
Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում շրջակա միջավայրի պահպանությանն ու հիմնախնդիրների լուծման ուղղությամբ անում է առավելագույնը՝ ցանկալի արդյունք գրանցելու համար։ Մասնավորապես, հողերի և անտառների վերականգման մասով, ինչի հետ կապված մեր երկիրն ունի միջազգային պարտավորություններ՝ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում։
Դեվրա Ջարվիզն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել ծրագրի արդյունավետ իրագործման համար անել առավելագույնը, այնուհետև ներկայացրել է ծրագրի բաղադրիչներին և դրանց իրագործմանը վերաբերող մանրամասներ։
Ծրագրի իրագործմամբ.
- կավելանան անտառածածկ տարածքները, ինչը կնպաստի կլիմայական փոփոխությունների մեղմմանը,
- անտառային տնտեսությունը կհամալրվի նոր, ժամանակակից տեխնիկայով և հատուկ միջոցներով, որոնք կնպաստեն անտառածածկ տարածքների հսկողության և հրդեհային անվտանգության բարձրացմանը,
- ծրագրով նախատեսված ոլորտներում կբարձրանա հանրային իրազեկման և կրթական մակարդակը,
- կբարձրանա անտառամերձ տարածքների բնակիչների սոցիալական մակարդակը, վայրի հատապտուղների հավաքմամբ կստեղծվեն նաև սեզոնային աշխատատեղեր։