Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն աշխատանքային այցով եղել են Վայոց ձորի մարզում՝ տարեվերջյան ամփոփիչ հանդիպում անցկացնելու այդ մարզում գտնվող «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարի և աշխատակիցների հետ։
Հանդիպում-քննարկման ընթացքում Անտառային կոմիտեի ղեկավար կազմին են ներկայացվել մասնաճյուղերի ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները, առաջարկվել են հնարավոր լուծումներ։
Քննարկվել են 2024 թվականին նախատեսվող աշխատանքները, ներկայացվել են էկոպարեկային ծառայության ստեղծմամբ պայմանավորված աշխատակիցների գործառույթների և գործունեության հստակ բաշխման մեխանիզմները։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպման ընթացքում նախ ընդգծել է էկոպարեկային ծառայության ստեղծման կարևորությունը և շեշտել, որ անտառային ոլորտում այն լրջագույն բարեփոխում է, ապա ներկաներին իրազեկել է, թե մինչև ծառայության՝ աշխատակիցներով համալրման գործընթացն ով ինչպես է աշխատելու, ինչ գործառույթներ է իրականացնելու։
Առաջիկայում կշարունակվեն մարզային այցերը, հանդիպում-քննարկումները կշարունակվեն նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում։