Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը…


Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն այսօր խտացված գրաֆիկով աշխատանքային այցով եղել են Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում՝ տարեվերջյան ամփոփիչ հանդիպումներ անցկացնելու այդ մարզերում գտնվող «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների հետ։

Հանդիպումների ընթացքում Անտառային կոմիտեի ղեկավար կազմին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները: Առաջարկվել են հնարավոր լուծումներ։

Քննարկվել են 2024 թվականին կատարվելիք աշխատանքների նախնական ծրագրերը և այդ համատեքստում հիմնական շեշտադրումն ուղղված է եղել էկոպարեկային ծառայության ստեղծմամբ պայմանավորված աշխատակիցների գործառույթների և գործունեության հստակ բաշխման ներկայացմանը։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը նախ ընդգծել է ծառայության ստեղծման կարևորությունը՝ նշելով, որ անտառային ոլորտում այն լրջագույն բարեփոխում է, ապա անտառտնտեսությունների աշխատակիցներին ներկայացրել է, թե մինչև էկոպարեկային ծառայության՝ աշխատակիցներով համալրման գործընթացն ով ինչպես է աշխատելու, ինչ գործառույթներ է իրականացնելու, որպեսզի անտառների պահպանությունն այս փուլում էլ պատշաճ իրականացվի և աշխատանքային պրոցեսն անխոչընդոտ ընթանա։

Մարզային այցերն առաջիկա օրերին շարունակվելու են, կլինեն այցեր նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ։