Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ (FAO)) տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Նորբերդ Ուինքլերի ղեկավարած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական վայրերում կանաչ տարածությունների աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը, ՊԳԿ ազգային փորձագետ, ծրագրի խորհրդատու Ռուբեն Պետրոսյանը, անտառվերականգնման և անտառների կայուն կառավարման գծով մասնագիտացած փորձագետներ Ռավյա Հուսեյնը և Կենիչի Շոնոն, միջազգային փորձագետ Էդուարդ Հոքբիխլերը։
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նաև Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, Անտառային կոմիտեի անտառների և անտառային հողերի կառավարման վարչության պետ Էդուարդ Կարապետյանը և Անտառային կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետ Մարիամ Մովսեսյանը։
Ունքլերն այնուհետև նշել է, որ իրենց աշխատանքային խմբում ընդգրկված միջազգային փորձով մասնագետներն առաջիկա շաբաթվա ընթացքում այցելելու են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ սերմերի հավաքման-պահպանման, անտառային հողերի դեգրադացման դեմ պայքարի, անտառվերականգնման, անտառապատման, կոճղաշիվային վերաճի օժանդակման և մի շարք այլ աշխատանքերին վերաբերող թրեյնինգներ իրականացնելու նպատակով։
Խոսելով անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների մասին՝ ծրագրի ազգային համակարգող Կյուրինյանը նշել է, որ իրենք նախատեսում են նոր մեթոդոլոգիա առաջարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։
Անդրադառնալով առաջարկվող անտառվերականգնման և անտառապատման նոր մեթոդոլոգիային՝ Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում անտառապատում իրականացնելու ճանապարհին ակնկալում է մշտադիտարկման ներկայացում, որը պետք է ներառի հողի նախապատարաստման աշխատանքների, տնկման հստակ ժամանակացույցի, աշխատուժի և ընթացիկ աշխատանքներին վերաբերող այլ տեղեկություններ։
Հայաստանում նախադեպը չունեցող անտառապատման և անտառվերականգնման մեթոդոլոգիայի փորձարկումը նախատեսվում է իրականացնել ս.թ. հոկտեմբերի 16-17-ին, Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախապես ընտրված 5 տարբեր տարածքներում։ Փորձարկմանը մասնակցելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի շուրջ 30 աշխատակից՝ հետագայում արդեն յուրացրած գիտելիքները կիրառելու և այլ աշխատակիցներին փոխանցելու նպատակով։