Մարզային այցելությունները շարունակվում են
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը Տավուշի մարզում կատարած այցի շրջանակում հանդիպել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ այդ մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների, պահպանության գծով տնօրենների տեղակալների և անտառապետերի հետ։
Հանդիպումների առանցքում, ինչպես և՛ Լոռու մարզ այցելության դեպքում, վարչապետի որոշմամբ ստեղծված անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեության կազմակերպումը և դրանց պատշաճ իրականացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման և անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց հետևանքների տարածման-կանխման ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Անտառտնտեսության աշխատակիցները կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին են ներկայացրել ընթացիկ աշխատանքները (անտառտնկում, անտառվերականգնում) և առկա խնդիրները: Առաջարկվել են հնարավոր լուծումներ։
Ներկայացվել են 2024 թ-ին կատարվելիք աշխատանքների նախնական ծրագրերը։
Բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհների առաջացման ռիսկերը կանխելու և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով՝ հանձնարարվել է իրականացնել ուժեղացված հսկողություն ու խստագույնս պահպանել հակահրդեհային կանոնները։
Անտառային կոմիտեի նախագահը հորդորել է ընթացիկ աշխատանքներն իրականացնելիս հստակ պահպանել նախանշված ժամանակացույցերը, ապահովել արդյունավետության բարձր ցուցանիշ։