Ի՞նչ պետք է իմանալ փշատերև եղևնու, տնկման, խնամքի մասին Դեկորատիվ կոնաձև լայն կանոնակարգված արծաթափայլ կապտավուն սաղարթով ծառ (Picea pungens)

Նկարագրություն

  • 50 տարեկանում հասնում է մինչև 10-15մ բարձրության
  • Տարեկան աճը կազմում է 25-30 սմ
  • Ասեղնատերևների երկարությունը հասնում է մինչև 2,5-3,5սմ-ի, կոների երկարությունը՝ 5-7սմ-ի
  • Խոնավասեր, քամու և ցրտի նկատմամբ դիմացկուն։

Տնկում և խնամք

Տնկման համար նախատեսված փոսը պետք է լինի ձեռք բերված բույսի ծառաբնի հիմքային մասի երկու բարձրության և երկու լայնության չափով։ Ցանկալի է հողագնդի փոսը լցնել փշատերև բույսերի համար նախատեսված հատուկ հողով կամ հողի խառնուրդով՝ 2։1։1 հարաբերակցությամբ (երկու մաս բերրի հող կամ սևահող, մի մասը տորֆ և մի մասը ավազ)։

Փոսում տնկելիս կարելի է ավելացնել աճի խթանիչ կամ արմատների աճին և զարգացմանը նպաստող որևէ այլ խթանիչ, ինչպես նաև ՕՀՊ (օրգանական հանքային պարարտանյութ)։ Արմատային հողագնդի ամբողջականությունը չպետք է խախտվի։ Տնկանյութը պետք է տեղադրվի այնպես, որ բույսի արմատավզիկը թաղված լինի հողի մեջ։

Տնկելուց առաջ տնկման համար նախատեսված փոսը ցանկալի է կիսով չափ լցնում են ջրով, որտեղ տեղադրվում է հողագնդով ծառը։

Փոսում լցված հողը ոտքով ամրացվում է, չվնասելով հողագունդը։

Տնկելուց հետո սերմնաբուսակը լավ ջրում են և մուլչապատում կեղևով, փայտի կտորներով կամ թեփով։ Եթե պատրաստված հողային խառնուրդին չի ավելացվել փշատերև բույսերի համար նախատեսված ՕՀՊ-ն, ապա փշատերև բույսերի համար ցանկացած հանքային պարարտանյութ կարող է կիրառվել տնկման համար նախտեսված փոսի մեջ (պարարտացնելու համար ավելի լավ է օգտագործել փշատերև բույսերի համար մասնագիտացված պարարտանյութ, քանի որ այն պարունակում է միկրոտարրերի օպտիմալ բաղադրություն)։ Տնկելուց հետո առաջին ամսում բույսը պետք է կանոնավոր ջրել՝ առնվազն շաբաթը մեկ անգամ։ Այս տեսակն ավելի խոնավ, գորշ կավաավազային, թթվային, հումուսով հարուստ հողեր է սիրում։ Ծառը կարող է աճել ոչ այնքան հարուստ հողերում։ Գարնանային արևահարումը կանխելու համար շատ կարևոր է աշնանը այն լավ ջրել։

                Միջին գոտում և հարավային շրջաններում եղևնին պետք է տնկել հիմնականում գարնանը, առանձին դեպքերում, եթե անհրաժեշտ է, ուշ աշնանը։