Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը Լոռու մարզ կատարած այցի շրջանակում հանդիպել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ այդ մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ղեկավարների, պահպանության գծով տնօրենների տեղակալների և անտառապետերի հետ։
Հանդիպումների առանցքում անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպումն ու դրանց պատշաճ իրականացումն է։
Քննարկվել են անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման և անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց հետևանքների տարածման-կանխման ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Անտառտնտեսության աշխատակիցները կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին են ներկայացրել ընթացիկ աշխատանքները (անտառտնկում, անտառվերականգնում) և առկա խնդիրները:
Ներկայացվել են 2024 թ-ին կատարվելիք աշխատանքների նախնական ծրագրերը։
Անտառային կոմիտեի նախագահը հորդորել է ընթացիկ աշխատանքներն իրականացնելիս հստակ պահպանել նախանշված ժամանակացույցերը, ապահովել արդյունավետության բարձր ցուցանիշ։