Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը այսօր հանդիպել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Հանդիպման հիմնական թեման վերաբերել է Վարչապետի որոշմամբ ստեղծված անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպմանը և դրանց հետամուտ լինելուն։ Քննարկվել են անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման և անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց հետևանքների տարածման-կանխման ուղղված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Քննարկման ընթացքում կարևորվել է ՆԳՆ-Անտառտնտեսություն-Բնակչություն համագործակցությունը, որը արտակարգ իրավիճակներում նշանակալի դերակատարում է ունենում։
Վլադիմիր Կիրակոսյանը ներկայացրել է նաև 2013 թ-ի թիվ 684-Ն «Պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» որոշման մեջ կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2024 թ-ի հունվարի 1-ից, համաձայն որի բարձրացվել են պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը կարևորել է այդ փոփոխությունները, որը մարզի բնակչության համար անհրաժեշտ սոցիալական խնդիր է լուծում և հավաստիացրել է, որ համայնքներում կկատարվի համապատասխան իրազեկում։ Նա նաև կարևորել է Անտառային կոմիտեի հետ օպերատիվ աշխատանքների բնույթը և հույս է հայտնել, որ դրանք կլինեն շարունակական։
Նշենք նաև, որ Անտառային կոմիտեի նախագահը հանդիպումներ է ունենալու Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզում գտնվող «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի հետ։