Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022-ի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է
Ազգային ժողովում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է անտառային ոլորտին առնչվող թվային տվյալներ․
«Անտառների կառավարում ծրագրով հատկացվել է 2,1 միլիարդ դրամ գումար, որից 226 միլիոնը՝ Անտառային կոմիտեի պահպանման ծախսերի համար, 1,3 միլիարդ դրամը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների համար 387 միլիոն դրամ ենք նախատեսած եղել, ծախսել ենք 360 միլիոնը, որի կատարողականը 93 տոկոս է, կարող եմ ուղղակի համեմատության համար ասել, որ 2021 թվականին կատարողականը 62 տոկոս է, և անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022 թվականի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է»,- նշել է նախարարը:
Նախարար Հակոբ Սիմիդյանը նաև տեղեկացրել է, որ 2022-ին 173 միլիոն դրամ հատկացվել է Ճամբարակի և Սևքարի անտառտնտեսությունների մասնաճյուղերի անտառկառավարման պլանների մշակման համար, ապա նաև, որ մինչև 2023-ի ավարտը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 անտառտնտեսությունները կունենան կառավարման պլաններ: